Էր Ռիյադում կայացել է 43 երկրների գլխավոր շտաբների պետերի և ռազմական ներկայացուցիչների նիստը՝ նվիրված միջազգային նավագնացության պաշտպանության նպատակով բազմազգ ծովային պաշտպանական կոալիցիա ստեղծելու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությանը։ Այս մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են 43 երկրների շտաբների պետերն ու նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական միության պատվիրակությունը։ Ընդհանուր առմամբ հրավեր է ուղարկվել 51 պետության և միջազգային կազմակերպության ներկայացուցիչների։ Մասնակիցների մի մասը նիստին միացել է առերես, մի մասն էլ՝ տեսակապով։ Նախարարության տվյալներով՝ մասնակիցները քննարկել են «ծովային անվտանգությանն սպառնացող աճող ռիսկերը, այդ թվում՝ առևտրային նավերի, էներգակիրների, տանկերների ու ծովային ենթակառուցվածքների վրա հարձակումները», որոնք վտանգում են նավագնացության անվտանգությունը, մատակարարումների գլոբալ շղթաների կայունությունը և համաշխարհային տնտեսությունը։ Բացի այդ, հանդիպման ընթացքում դիտարկվել է ապագա կոալիցիայի կանոնադրության նախագիծը, դրա կազմակերպչական կառուցվածքը, հրամանատարման ու կառավարման համակարգը, աշխատանքային մեխանիզմներն ու ձևավորման հետագա փուլերը։ Նախատեսվում է, որ միավորումը գործելու է Բաբ էլ Մանդեբի նեղուցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Մասնակիցները քննարկել են նաև նախաձեռնության հիմնադիր դրույթները, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիան դառնալու է կոալիցիայի հիմնադիրն ու ղեկավարը, ինչպես նաև իր տարածքում է տեղակայելու դրա կենտրոնակայանը։
Հանդիպման արդյունքներով ռազմական ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել կոալիցիայի ստեղծման աշխատանքները, այդ թվում՝ ավարտին հասցնել դրա կանոնադրության, կազմակերպչական կառուցվածքի ու գործունեության մեխանիզմների մշակումը, որպեսզի հետագայում ստորագրվի հիմնադիր փաստաթուղթն ու միավորումը պաշտոնապես մեկնարկի։ Նախագծին աջակցող համատեղ հայտարարություն է ստորագրել 14 պետություն՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը, Եմենը, Բանգլադեշը, Նիգերիան, Սուդանը, Ջիբութին և Սոմալին։ Միևնույն ժամանակ, նախարարությունից ընդգծել են, որ մի շարք այլ երկրներ ևս «աջակցություն են հայտնել նախաձեռնությանը և շարունակում են ներքին ընթացակարգերը՝ համատեղ հայտարարությանը միանալու համար»։
