ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուպերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ 10–14-օրյա ինտենսիվ ավիահարվածների ծրագիրը։ Այն ուղղված է լինելու Իրանի հրթիռային ներուժի ոչնչացմանը։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ Քուպերի առաջարկած գործողությունների հիմքում ընկած միտքն այն է, որ դուրս գան սովորական պատասխան ավիահարվածների շրջանակից, որոնք քիչ բան են փոխել Թեհրանին զսպելու համար (նկատի ունենալով Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումներն ու տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրթիռակոծությունները), և գնան ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիայի։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Քուպերն առաջարկել է կտրուկ ուժեղացնել ավիահարվածները և էականորեն թուլացնել Իրանից եկող հրթիռային սպառնալիքը՝ փորձելով դուրս գալ ստեղծված փակուղուց։ Ըստ նրանց՝ CENTCOM-ի ղեկավարը վստահ է, որ այս «մասշտաբային» մոտեցումը կնվազեցնի ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, քանի որ Իրանը պարզապես հրթիռային հարձակումների ավելի քիչ հնարավորություններ կունենա։

Մինչդեռ, ինչպես հայտնում են աղբյուրները, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ով հաճախ է զգուշացնում Սպիտակ տանը ռազմական սցենարների հնարավոր հետևանքների մասին, մտահոգություն է հայտնել հակահրթիռների պաշարների նվազման կապակցությամբ, որոնք անհրաժեշտ են իրանական հարվածներից ամերիկյան ռազմաբազաներն ու դաշնակիցներին պաշտպանելու համար։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Քեյնը գտնում է, որ պաշարների ցածր մակարդակը թեև չի բացառում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն էապես մեծացնում է ռիսկերը։

Share.