Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրշեջները շարունակում են պայքարը Ժիրոնդայի տարածաշրջանում բռնկված խոշորագույն անտառային հրդեհի դեմ, որի տարածքը մոտավորապես չորս անգամ գերազանցում է Փարիզի տարածքը, հայտնում է Associated Press-ը։
Չնայած նրան, որ գիշերվա ընթացքում կրակը չի տարածվել, իշխանությունները զգուշացնում են՝ մինչև 40 աստիճան շոգը և քամու ուժգնացումը կարող են հանգեցնել հրդեհի նոր բռնկման։
Իշխանությունների տվյալներով՝ մխացող օջախները կարող են կրկին բորբոքվել, իսկ քամին կարող է կայծերը տեղափոխել հակահրդեհային գոտիներից այն կողմ և ստեղծել հրդեհի նոր օջախներ, որոնք դժվար կլինի վերահսկել։
Հրդեհի ենթադրյալ պատճառը կարող էր լինել էլեկտրահաղորդման գծի մոտ բուսականության սովորական մաքրումը։ Քննիչները կարծում են, որ խոտհնձիչի կիրառմամբ կատարված աշխատանքները կարող էին հանգեցնել չոր բուսականության բռնկմանը, թեև նախնական տվյալներով՝ դրանք իրականացվել են գործող կանոններին համապատասխան։
Կրակի դեմ պայքարում ներգրավված են ավելի քան 2200 հրշեջ և ավելի քան 20 օդային միջոց։ Օգնության են ժամանել ստորաբաժանումներ Ֆրանսիայի այլ շրջաններից և եվրոպական երկրներից։
Լեժ քաղաքում տեղակայված հրամանատարական կենտրոնում մասնագետները հետևում են մի քանի ամենավտանգավոր գոտիների՝ հյուսիսային Կապ-Ֆերրեի շրջանին, Մարշեմպրիմի, Սեստասի և Սեն-Ժան-դ’Իլյակի միջև ընկած անտառային զանգվածին, ինչպես նաև Մարտինյասի մերձակայքում տեղակայված ռազմական օբյեկտին, որտեղ խոշոր հրդեհ է տեղի ունեցել։
«Մենք արագ արձագանքում ենք և կոշտ հարվածում ծխի ցանկացած նոր աղբյուրի»,- հայտարարել է Ժիրոնդայի հրշեջ ծառայության հրամանատար Մաթյո Ժոմենը։
Հրդեհը Ֆրանսիայում խաղաղ ժամանակի ամենախոշոր տարհանումներից մեկն է առաջացրել։ Ճգնաժամի գագաթնակետին Ժիրոնդայի տարածաշրջանում շուրջ 220 հազար մարդ ստիպված էր լքել իր տները և հանգստի վայրերը։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ թույլտվություն են ստացել վերադառնալ տուն, սակայն իշխանությունները զգուշացնում են, որ վտանգը պահպանվում է։
Տեղի բնակիչները ևս օգնում են հրշեջներին։ Կամավորները մաքրում են ճանապարհների հարակից տարածքները, բնակիչները լճերի ջուրն օգտագործում են առանձին օջախները մարելու համար, իսկ տեխնիկայի սեփականատերերը օգնում են ստեղծել պաշտպանիչ գոտիներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հայտնել է, որ Լանդ և Վար դեպարտամենտներում խոշոր հրդեհների տարածումը հաջողվել է կանգնեցնել։ Ժիրոնդան շարունակում է մնալ երկրում կրակի դեմ պայքարի գլխավոր օջախը։
Ֆրանսիական օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ չորեքշաբթին կդառնա շաբաթվա ամենաշոգ և ամենաչոր օրը, իսկ հրդեհների բարձր վտանգը պահպանվում է երկրի բոլոր շրջաններում։ Երաշտը պատել է ամբողջ մայրցամաքային Ֆրանսիան և Կորսիկան, իսկ հողի խոնավությունը մոտեցել է 2022 թվականի օգոստոսի ռեկորդային ցածր ցուցանիշներին։
Հրդեհների ծուխն արդեն հանգեցրել է Ժիրոնդայում և Լանդում օդի որակի վատթարացման։
Հրդեհները շարունակվում են նաև Իսպանիայում։ Մադրիդի և Ավիլայի շրջանում իրավիճակի բարելավումից հետո տասնյակ հազարավոր մարդիկ կարողացել են վերադառնալ տուն, սակայն մոտ 10 հազար մարդ շարունակում է մնալ տարհանված Կաստելյոն նահանգում, որտեղ օջախներից մեկը դեռևս չի հաջողվել վերցնել վերահսկողության տակ։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ տարվա սկզբից երկրում այրվել է ավելի քան 1,16 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Եվրոպական Copernicus կլիմայական ծառայության փորձագետները նշում են, որ Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, իսկ ծայրահեղ շոգն ու երաշտը նպաստում են անտառային հրդեհների տարածմանը։
