Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան թիրախային հարվածներ են հասցրել Իրաքի արևելքում գործող և Իրանի հետ կապ ունեցող խմբավորումներին։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Հուլիսի 28-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ու Սաուդյան Արաբիայի զինված ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Իրանի հետ կապված [իբր] ահաբեկիչներին, որոնց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ուղարկել էր ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակում գործելու նպատակով»,- ասված է X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
Նշվում է, որ ռազմական գործողության ընթացքում երկու երկրների կործանիչները խոցել են լոգիստիկ և սպառազինության մի շարք օբյեկտներ։ Այս հարվածները պատասխանն են եղել վերջին երեք օրվա ընթացքում ԻՀՊԿ-ի կողմից անօդաչու թռչող սարքերով իրականացված ավելի քան 30 հարձակումներին։
