Իրանի հետ հարաբերություններում Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման և խիստ կպատասխանի հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշում ընդունելուն։ Հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլորը:
«Մենք պատրաստվում ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե Իրանը հարձակվի, ապա ջախջախիչ պարտություն կկրի»,-Կացի խոսքերը մեջբերում է իսրայելական Ynet նորությունների պորտալը։
Անվտանգային իրավիճակի վատթարացման ֆոնին Իսրայելի մի շարք քաղաքների քաղաքապետարաններ հայտարարել են հանրային ապաստարանները բացելու մասին:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու համար:
