Թեհրանը Բուլղարիայի «Բեզմեր» ավիաբազայում ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումը դիտարկում է որպես աջակցություն ագրեսիային և ռազմական հանցագործություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ իրանական կողմը ռազմական հարձակումների աջակցությանը կամ ապահովմանը ցանկացած մասնակցություն դիտարկում է որպես հանցակցություն ագրեսիային և ռազմական հանցագործություններին։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Բուլղարիայի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը հավանություն է տվել «Բեզմեր» ավիաբազայում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների և զինծառայողների տեղակայմանը։

Բուլղարիայի իշխանություններն իրենց հերթին հերքում են նման մեղադրանքները։ Պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը, հղում անելով ռազմական հետախուզության գնահատականներին, հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականների ներկայությունը սպառնալիք չի ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։ Նախագահ Իլիանա Յոտովան նույնպես ընդգծել է, որ լիցքավորող ինքնաթիռների տեղակայումը Բուլղարիային մասնակից չի դարձնում Մերձավոր Արևելքի հակամարտությանը։

Հռետորաբանության սրումը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության նոր ալիքի ֆոնին։ Չնայած մարտական գործողությունների դադարեցման մասին հունիսի 18-ի գիշերը ստորագրված հուշագրին՝ ամերիկյան զինուժը հուլիսի 8-ից մի քանի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունում հայտարարել են, որ գործողությունները պատասխանն էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։

Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի հուշագիրը խախտելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։

Share.