ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը ծանրագույն և դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ կորզեց Խորվաթիայի ընտրանուց՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում կայացած հանդիպումն աչքի ընկավ պատմական ռեկորդներով, չսպասված հանգուցալուծմամբ և կրքերով։ Նորվեգացի մրցավար Էսպեն Էսկոսի սուլիչն ազդարարեց պորտուգալացիների կամային հաղթանակը։

Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբում՝ 53-րդ րոպեին, բացեց խորվաթների կիսապաշտպան Իվան Պերիշիչը։ Սակայն Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։

68-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (1:1):

90+4-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը դարձավ փրկիչ գոլի հեղինակ՝ առաջ մղելով Պորտուգալիային։

Հանդիպման ամենադրամատիկ դրվագը գրանցվեց հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին։ Խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլին հաջողվեց գրավել պորտուգալացիների դարպասը, սակայն ուրախությունը կարճ տևեց. տեսակրկնությունների համակարգի (VAR) միջամտությունից հետո գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Այս հանդիպումը պատմական էր 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի համար, ով մասնակցում է իր 6-րդ Աշխարհի առաջնությանը.

Նա խփեց իր առաջին գոլը Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում, ինչպես նաև դարձավ Մունդիալների պատմության մեջ փլեյ-օֆֆ-ում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (41 տարեկան):

Այս գոլը Կրիշտիանուի կարիերայում դարձավ 976-րդը:

Այնուամենայնիվ, պորտուգալացի աստղի համար խաղն ավարտվեց նյարդային նոտայով։ 81-րդ րոպեին նա փոխարինվեց և խաղադաշտը լքելիս չթաքցրեց իր բացահայտ հիասթափությունն ու դժգոհությունը մարզչի որոշումից։

1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականին սպասվում է ծանր փորձություն՝ գերսկզբունքային դիմակայություն Իսպանիայի հավաքականի դեմ։

Հիշեցնենք, որ Պորտուգալիան փլեյ-օֆֆ էր դուրս եկել K խմբից՝ զբաղեցնելով 2-րդ տեղը (հաղթանակ Ուզբեկստանի նկատմամբ և ոչ-ոքիներ Կոնգոյի ԴՀ-ի ու Կոլումբիայի հետ)։ Խորվաթիան նույնպես 2-րդն էր իր՝ L խմբում (պարտություն Անգլիայից և հաղթանակներ Պանամայի ու Գանայի նկատմամբ)։ ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը, իսկ գործող չեմպիոնն Արգենտինան է:

Armsport

Share.