Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման Իսլամաբադի հուշագիրը ճնշումների արդյունք չէ, այլ «արտացոլում է իրանցի ժողովրդի ուժն ու տոկունությունը», հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Ելույթ ունենալով Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների Խորհրդարանական միության (PUIC) 20-րդ համաժողովում՝ նա ընդգծել է, որ ցանկացած բանակցություն արդյունք է տալիս միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը հրաժարվում է սեփական պայմանները պարտադրելու փորձերից և ճանաչում է մյուս երկրի իրավունքները։

«Իսլամաբադի հուշագիրը ճնշման և հարկադրանքի արդյունք չէր, այլ դարձավ արի իրանցի ժողովրդի դիմադրության և ուժի արդյունքը։ Այդ համաձայնագիրը ցույց տվեց, որ երկխոսությունը արդյունքի է հասնում, երբ մյուս կողմը հրաժարվում է իր կամքը պարտադրել քաղաքակիրթ ազգին և ճանաչում է մեր իրավունքները։ Հետևաբար, հուշագիրը դարձավ ԱՄՆ-ի պարտության հռչակագիրը»,- ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Ղալիբաֆը հայտնել է, որ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 3 հազար իրանցի, նրանց թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև վիրավորվել է ավելի քան 30 հազար մարդ։ Նահ նշել է, որ հարվածները վնասել են արդյունաբերական, բժշկական, կրթական, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև բնակելի օբյեկտները։

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանի զինված ուժերի տոկունությունը և բնակչության դիմադրությունը հանգեցրել են զգալի կորուստների (ծախսերի) ԱՄՆ-ի ու Իսրայելի համար և տապալել են նրանց նպատակները։

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է նաև, որ Իրանը տարածաշրջանի ապագան տեսնում է ոչ թե առճակատման, այլ համագործակցության և համատեղ անվտանգության մեջ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ընդլայնել փոխգործակցությունը իսլամական երկրների հետ տնտեսական, գիտական և քաղաքական ոլորտներում։

Share.