Նավթային աղտոտումը կապված է «Azneft» ձեռնարկության ստորջրյա նավթամուղի վնասման հետ:Բաքվի Խազարի շրջանի Զիրյա ավանի Դյուբենդի թաղամասի բնակիչներն արդեն երրորդ օրն է, ինչ ահազանգում են Կասպից ծովի ափամերձ գոտու աղտոտման մասին։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ հունիսի 19-ին Դյուբենդի լողափի շրջանում հայտնաբերված նավթային աղտոտումը կապված է «Azneft» ձեռնարկության ստորջրյա նավթամուղի վնասման հետ:
Նավթի արտահոսքի վայրը հաջողվել է պարզել միայն նավերի և ուղղաթիռի օգնությամբ։
«Վնասվածքի հայտնաբերումից հետո սկսվել են վերանորոգման-վերականգնման աշխատանքները։ Մինչև դրանց ավարտը վնասված խողովակաշարը չի շահագործվի, ինչով կբացառվի նավթի հետագա մուտքը ծով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նավթային աղտոտումներ Կասպից ծովի Բաքվի ափին
Ընկերության հավաստիացմամբ, իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ հետևանքների վերացման աշխատանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության և «Azneft»-ի միջև սերտ համակարգմամբ:
Թեև Ադրբեջանի ԱԻՆ-ը ևս հայտնել է տեխնիկա ուղարկելու և առափնյա գիծը մազութից մաքրելու աշխատանքներ սկսելու մասին, քաղաքացիները հայտարարում են, որ աղտոտվածությունը չի վերացվել, և որպես ապացույց սոցցանցերում հրապարակում են լողափի լուսանկարները:
