ՀՀ բանակի զինծառայողները հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ վարժանքներ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ–ի ներկայացրած ռեպորտաժում նշվում է, որ հրթիռահրետանային ստորաբաժանումն ուսումնական պարապմունքի պլանով անցել է առաջադրված խնդիրների իրականացմանը։ Ճշգրիտ գործողություններով խոցվել են պայմանական նշանակետերը։
Հաշվարկի հրամանատար Գրիգոր Այվազյանի խոսքով՝ նման վարժանքների ընթացքում հաշվարկները կարողանում են իրար հասկանալ ընդամենը մեկ հայացքից և ավելի արագ կատարել գործողությունները որպես մեկ մարմին։
«ՀՀ բանակի զինանոցը համալրած այդ զինատեսակը նախատեսված է կենդանի ուժի, կրակային միջոցների և շարասյուների խոցման, ինչպես նաև ռեակտիվ հրետանային, ականանետային և զենիթային մարտկոցների ճնշման համար։ Համակարգն ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան և ապահովում է կրակի բարձր խտություն»,– ասվում է ռեպորտաժում։
Ստորաբաժանման հրամանատար Արիկ Գոքորյանը նշում է` համակարգի կարևոր առանձնահատկություններից է անձնակազմի՝ անվտանգ հեռավորությունից գործելու հնարավորությունը։ Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմը տեխնիկայի հետ շփվում է 500 մետրից մինչև 1 կմ հեռավորության վրա։ Այսինքն` երբ տեխնիկան կանգնում է X կետում, կողքին անձնակազմ չի լինում։
Գրիգոր Այվազյանը ևս ընդգծում է, որ տեխնիկան հեռվից օգտագործելն անձնակազմի համար ռիսկերը նվազեցնելու հնարավորություն է տալիս։
«Առավելագույնը ավտոմատացված համակարգն է, որը հնարավորություն է տալիս տեխնիկան օգտագործել հեռվից։ Տեխնիկայի հայտնաբերման և ոչնչացման ժամանակ զերծ ենք մնում ամենակարևորից՝ մարդկային կորստից»,- ասում է նա։
Հիշեցնենք` 122 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն առաջին անգամ ցուցադրվել էին մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ։
