Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը ընդամենը մեկ օրում աճել է ռեկորդային՝ 336 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Նյու Յորքի բորսայում սակարկությունների փակման պահին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ իրենց կարողությունն ավելացրել են 336 միլիարդ դոլարով. սա մեկ օրում գրանցված ամենամեծ աճն է պատմության մեջ», — նշված է հրապարակման մեջ։
Արդյունքում՝ Bloomberg Billionaires Index-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված միլիարդատերերի համախառն կապիտալը հասել է 13,3 տրիլիոն դոլարի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Ցուցակի առաջատար Իլոն Մասկը միանգամից հարստացել է 164 միլիարդ դոլարով, և այժմ նրա կարողությունը գնահատվում է 1,27 տրիլիոն դոլար։ Անցած շաբաթվա վերջին նրա SpaceX տիեզերական ընկերությունը դուրս է եկել բորսա և իր կապիտալիզացիայով դարձել աշխարհում վեցերորդը։
Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն օրվա ընթացքում իր հաշվին գրանցել է ևս 9,16 միլիարդ դոլար, իսկ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 8,92 միլիարդ։
Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը հարստացել են համապատասխանաբար 7,61 և 7,01 միլիարդ դոլարով, իսկ Amazon առցանց հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 6,96 միլիարդով։
Այս թռիչքին նախորդել էր ամերիկյան հիմնական ֆոնդային ինդեքսների աճը. Dow Jones ինդեքսը բարձրացել է 0,92 տոկոսով՝ թարմացնելով պատմական ռեկորդը, իսկ բարձր տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq ինդեքսը կտրուկ բարձրացել է միանգամից 3,07 տոկոսով։
