ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Վրաստանին ընդունելու որոշում է կայացրել

Մանրամասներ

ա

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) որոշել է ընդունել Ուկրաինան և Վրաստանը, սակայն վերջնաժամկետ չի սահմանել։ Այս մասին ուրբաթ La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինան արդեն դիմել է միանալու համար, և մենք որոշել ենք աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով արդիականացնել զինված ուժերը մեր չափանիշներին համապատասխան։ 2008 թվականին մենք որոշել ենք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան (ՆԱՏՕ) անդամ, սակայն չենք նշել, թե երբ»,- ասել է Ստոլտենբերգը։

2021 թվականի հունիսին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինան անհամբեր սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի ներկայացմանը 2022 թվականին։

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվայի ամենակարևոր պահանջը մնում է դաշինքի հրաժարումը դեպի արևելք ընդլայնումից և ՆԱՏՕ-ի բանակի վերադարձը 1997 թվականի (երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը) սահմաններին: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը պատրաստ չեն նման երաշխիքներ տալ՝ ի թիվս այլնի հղում անելով այն փաստին, որ ոչ մի երկիր հարկադրված չի եղել անդամակցել կազմակերպությանը։

«Մենք ոչ մեկին թույլ չենք տա դադարեցնել ՆԱՏՕ-ում բաց դռների քաղաքականությունը, ինչը միշտ առանցքային է եղել դաշինքի համար: Մենք չենք հրաժարվի ինքնիշխան երկրների հետ երկկողմ համագործակցությունից, որոնք ցանկանում են աշխատել ԱՄՆ-ի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

Նույն դիրքորոշումն է հնչեցրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումն անվանել է «Եվրոպայում ազատության և ժողովրդավարության տարածման անկյունաքար»։

Այս մոտեցումը, ընդգծել է նա, տարածվում է նաև Ուկրաինայի վրա.«Միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամները կարող են որոշել, թե երբ է Կիևը պատրաստ դառնալ դաշինքի անդամ, Ռուսաստանը վետո չունի այն հարցում, թե արդյոք Ուկրաինան կարող է անդամակցել այդ կազմակերպությանը»:

Ի պատասխան՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը հունվարի 12-ին մասնակցել է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, զգուշացրել է, որ դաշինքում նոր անդամների ընդգրկումը «հղի է ռիսկերով, որոնք կգերազանցեն ընդլայնման վերաբերյալ ցանկացած որոշում»։ Մոսկվան պատրաստ է ձեռնարկել ոչ միայն քաղաքական, այլ նաև «ռազմատեխնիկական» միջոցներ, նշել է նա։