Ախպեր, ժողովուրդն ի՞նչ ա խոսում։ Գո՞հ են մեզանից. մեր զինվորները հավեսի են ընկել

Ամեն ինչ գնում է դեպի փայլուն հաղթանակ

Երեկ ընկերս մի ժամով Ստեփանակերտ էր եկել առաջնագծից։ Պատահական հանդիպեցի, փորձեցի մի երկու բառով հասկանալ, թե իրենց մոտ ինչ վիճակ է։ Շատ էր շտապում, կարճ ասաց, որ լավ է ամեն ինչ ու ինքն էլ ինձ հարց տվեց.

- Ախպեր, ժողովուրդն ի՞նչ ա խոսում։ Գո՞հ են մեզանից։

Գիտե՞ք, այդ «գո՞հ են մեզանից» հարցի ինտոնացիայում այնքան ոգևորություն կար, որ ինձ համար միանգամից պարզ դարձավ, թե որքան լավ է իրենց գործերն առաջնագծում։ Մարդիկ կոնկրետ գործ են անում ու, երևի թե, արդեն սպասում են իրենց հասանելիք գովասանքի խոսքերին։

Ես, իհարկե, ժլատ չգտնվեցի ու տեղը տեղին ասացի, թե որքան ենք գոհ, որքան շնորհակալ ու որքան երջանիկ, որ մեր զինվորների պես փառապանծ պաշտպաններ ունենք։

Գիշերն էլ Ստեփանակերտին են փորձել հարվածել։ Փորձել ու չեն կարողացել։ Կեցցե՛ն մեր ՀՕՊ-ի տղաները։ Աչքներիս առաջ թշնամու ԱԹՍ-ների հրավառություն սարքեցին։ Տպավորիչ էր։

Ընդհանրապես ասեմ, որ մեր զինվորների հոգեբանության մեջ ակնհայտ փոփոխություն եմ զգացել՝ պատերազմի առաջին երկու օրերի համեմատ։ Ո՞նց ասեմ, որ ճիշտ լինի։ Հավեսի են ընկել։

ՀՕՊ-ը իր հերթին է բարելավում ԱԹՍ-ներ ոչնչացնելու բոլոր ռեկորդները, հրետանին ու հետևակը՝ իրենց հերթին։ Թշնամու կորուստները կամաց-կամաց անհաշվարկելի են դառնում։ Ու ամեն ինչ գնում է դեպի փայլուն հաղթանակ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան