Վեց խոշոր միջազգային տերություններ, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան, հինգշաբթի օրը հայտարարել են, որ պատրաստ են նպաստել Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման համապատասխան ջանքերին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։
«Ողջունում ենք նախապատրաստական պլանավորմանը մասնակցող երկրների հանձնառությունը»,- ասվում է խմբի համատեղ հայտարարության մեջ, որի մեջ են մտնում նաև Իտալիան և Նիդեռլանդները։
Երկրները նաև «ամենախիստ կերպով դատապարտել են Պարսից ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս Իրանի կատարած հարձակումները»։
«Խոր մտահոգությունն ենք հայտնում հակամարտության սրման վերաբերյալ»,- ասվում է դաշնակիցների համատեղ հայտարարության մեջ։- Իրանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել սպառնալիքները, ականապատումը, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումները, ինչպես նաև նեղուցը առևտրային նավագնացության համար փակելու այլ փորձերը»։
Պատերազմը, որը բռնկվեց փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին ռմբակոծել Իրանը, ստիպեց Թեհրանին պատասխան հարվածներ հասցնել Պարսից ծոցի տարածաշրջանում, որի արդյունքում 23 առևտրային նավ, դրանց թվում՝ 10 լցանավ, հաղորդեցին հարձակումների կամ միջադեպերի մասին, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ ստեղծված իրավիճակի պատճառով մոտ 20 հազար նավաստի մնացել է նեղուցից արևմուտք գտնվող մոտ 3200 նավերի վրա։
