Քանի որ շուտով սկսվելու է հարբուխի սեզոնը, Doctors.am-ը ցանկանում է հիշեցնել ծնողներին, թե ինչ է կարելի եւ չի կարելի անել վերին շնչուղիների վարակների ժամանակ:
Ի՞նչ է վերին շնչուղիների վարակը
Վերին շնչուղիների վարակները մանկական հասակում ամենահաճախ հանդիպող խնդիրներից են: Երեխաները կյանքի առաջին 3-5 տարիներին կարող են տարեկան մինչեւ 10-12 վերին շնչուղիների չբարդացած վարակներ ունենալ: Մեծանալուն զուգահեռ այդ հաճախականությունը նվազում է:
Վերին շնչուղիների վարակների պատճառը մեծ մասամբ վիրուսներն են: Երեխան կարող է վարակվել օդակաթիլային ճանապարհով, հիվանդի հետ սերտ շփման ժամանակ:
Որո՞նք են վիրուսային վարակի նշանները
Եթե ձեր երեխան ունի վիրուսային վարակ, ապա կարող եք նկատել հետեւյալ գանգատները՝
- քթից արտադրություն
- քթի փակվածություն
- աչքերի կարմրություն, արցունքահոսություն, ճպռոտում
- կոկորդի ցավ
- ջերմություն՝ ցածրից մինչեւ բարձր
- ցան
- հազ
- լուծ, սրտխառնոց
- ընդհանուր թուլություն
Ինչպե՞ս վարվել, երբ երեխան ունի վիրուսային վարակի նշաններ
- Երեխային փոքր ծավալներով հաճախ հեղուկ խմեցրեք: Շատ երեխաների հիվանդ ժամանակ հրաժարվում են ուտելքից, եւ դա խնդիր չէ, քանի դեռ նրանք բավականաչափ հեղուկ են խմում: Կազդուրվելուց հետո ախորժակը կվերականգնվի:
- Կրծքով կերակրվող երեխային ավելի հաճախ մոտեցրեք կրծքին, արհեստական կերակրվողներին էլ հաճախ կերակրեք եւ ջուր տվեք:
- Երեխան կարիք ունի հանգստի:
- Եթե երեխան ունի կոկորդի ցավ կամ մկանացավ, տվեք ցավազրկող, ինչպիսիք են պարացետամոլը կամ իբուպրոֆենը: Դեղաչափը քննարկեք ձեր բժշկի հետ: Հիշեք, որ իբուպրոֆենը չի կարելի տալ 3 ամսականից փոքրերին:
- Երեխային հազի դեղորայք մի՛ տվեք:
- Անհրաժեշտ է ապահովել քթով ազատ շնչառություն, ինչի համար կարող եք օգտագործել աղային լուծույթով քթի կաթիլներ:
Վիրուային վարակը հիմնականում տեւում է 3-5 օր, 3-րդ օրվանից հետո գանգատները ովորաբար մեղմանում են: Հազը կարող է պահպանվել մինչեւ 3 շաբաթ:
Ե՞րբ դիմել բժիշկի
- Երեխան 3 ամսականից փոքր է եւ ունի վիրուսային վարակի նշաններ:
- Ցավը չի մեմանում պարացետամոլ կամ իբուպրոֆեն ընդունելուց հետո:
- Առկա են փսխումներ, լուծ:
- Երեխան հրաժարվում է հեղուկներից, թույլ է, նկատել եք մեզի քչացում:
- 48 ժամ հետո էլ ջերմության բարձրացումը պահպանվում է:
Անհապաղ դիմեք բժիշկի, եթե ձեր երախան ունի
- Դժվարացած շնչառություն
- Անզուսպ փսխումներ, առատ լուծ
- Շատ գունատ է, քնկոտ
- Ունի գլխացավ, լուսավախություն:
Բժիշկը վիրուսային վարակի դեպքում երեխային կնշանակի սիմպտոմատիկ բուժում՝ ջերմիջեցնողներ, քթի կաթիլներ, առառ հեղուկներ: Եթե երեխան ունի փսխումներ, թույլ է, չի կարողանում հեղուկներ խմել, ապա կարող է հիվանդանոցային բուժման կարիք լինի՝ մասնավորապես ներերակային հեղուկներ ստանալու նպատակով:
Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկներ չեն նշանակում, քանի որ դրանք չեն ազդում վիրուսային վարակի վրա:
Ցանկացած վիրուսային վարակ կարող է բարդանալ, օրինակ՝ ականջի բորբոքումով կամ թոքաբորբով: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ:
0Comments