Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի և քնկոտության հաճախականությունը, ինչպես նաև ցերեկային լուսավորության ազդեցությունը: Հետազոտողները պարզել են, որ քնի անկանոնությունը սիրտ-անոթային և մետաբոլիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծացնում է՝ անկախ դրա տևողությունից: Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Դյուկի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները՝ Ջեսիկա Լանսֆորդ-Էյվերիի ղեկավարությամբ առաջարկել են հաշվի առնել քնելու և արթնանալու ժամերը, ֆիզիկական ակտիվության և ցերեկային լուսավորության ազդեցության ժամանակահատվածները. այս տվյալները հավաքել են խելացի ժամացույցների միջոցով, որոնք կրել են հետազոտության 1978 մասնակիցներ (միջին տարիքը կազմել է 68,7 տարեկան): Մասնակիցները նաև տեղեկություններ են տրամադրել իրենց ֆիզիկական առողջության, վնասակար սովորությունների մասին, իրենց ժողովրդագրական տվյալները և պատմել են՝ որքան հաճախ են ցերեկային ժամերին իրենց քնկոտ զգում:
Մասնակիցների քնի և ակտիվության մասին տեղեկություններն օգտագործել են «քնի կանոնավորության ինդեքսի» հաշվարկման համար՝ 1-ից մինչև 100 թվերը նշում են այն բանի հավանականությունը, որ մարդը քնելու է պատրաստվում ու արթնանում է միևնույն ժամին: Գիտնականները պարզել են, որ քնի անկանոնությունը կապված է ուշ քնելու, լույսի նվազ ազդեցության և ցերեկը մեծ քնկոտության հետ, սակայն քնի տևողության հետ փոխկապվածություն չունի:
Հեղինակներն այնուհետև հետազոտել են, թե քնի կանոնավորությունն ինչպես է կապված տարբեր հիվանդությունների զարգացման հավանականության հետ: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց գիշերային հանգստի ժամանակահատվածը տարբեր ժամանակ է տեղի ունենում, շաքարային դիաբետի, ճարպակալման, սրտի անբավարարության, հիպերտոնիայի և մետաբոլիկ այլ հիվանդությունների ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է:
Այսպիսով, գիտնականները նշում են ժամանակին քնելու կարևորությունը և պնդում են, որ ավելի լավ է քնել ու արթնանալ միևնույն ժամին: Ընդ որում՝ նրանք նաև ընդգծում են այս պարամետրը հաշվի առնելու կարևորությունը մարդու առողջության վրա քնի ազդեցության հետազոտություններում, գրում է med.news.am
0Comments