Դանիայի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է սեպտեմբերին ԱՄՆ-ի և Գրենլանդիայի հետ ստորագրված անվտանգության մասին համաձայնագիրը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Որոշումը կարող է թուլացնել լարվածությունը, որն առաջացել է Արկտիկայի ամենամեծ կղզին Միացյալ Նահանգներին միացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտման հետևանքով։
Փաստաթղթի վավերացմանը կողմ են քվեարկել Դանիայի՝ 179 անդամից բաղկացած խորհրդարանի նիստին ներկա բոլոր 109 պատգամավորները։ Քվեարկությունը տեղի է ունեցել համաձայնագրի երկրորդ ընթերցումից հետո և անցել առանց քննարկումների ու առարկությունների։
Նոյեմբերի սկզբին համաձայնագիրը հավանության էր արժանացել Գրենլանդիայի խորհրդարանում. 16 պատգամավոր կողմ էր քվեարկել, յոթը՝ ձեռնպահ մնացել։
Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում և լրացնում է Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին 1951 թվականի համաձայնագիրը։
Այն Վաշինգտոնին թույլ է տալիս կղզում երկու ռազմակայան կառուցել, ինչպես նաև սահմանափակում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների մուտքը տնտեսության ռազմավարական ոլորտներ։ Այդ միջոցը կոչված է կանխելու կղզում Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը, մասնավորապես՝ ներդրումների միջոցով։
Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։ Ընդ որում, համաձայնագիրը կշարունակի գործել, նույնիսկ եթե կղզին լիակատար անկախություն ձեռք բերի։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ռազմավարական նկատառումներով ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Այդ հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Դանիայում, որը ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դաշնակիցն է, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս գործընկեր երկրներում։
