Ինչի՞ հետ է կապված մահվան վախը

Թուրք գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում 229 մարդու շրջանում հարցում են կատարել պարզելու քնի որակն ու ռեժիմը, ինքնավերահսկման մակարդակը եւ մահվան հանդեպ վերաբերմունքը

Տղամարդիկ, որոնց մշտապես անհանգստացնում են իրենց մահվան մասին մտքերը, հակված են ավելի ուշ քնելու, քան կցանկանային, հայտնում է Naked-Science-ը՝ վկայակոչելով The Journal of General Psychology-ն:

Պրոկրաստինացիան անհրաժեշտ գործողությունները մշտապես հետաձգելու հակվածությունն է: Նման վարքագիծը կարող է հանգեցնել սոցիալականացման խնդիրների, կյանքի որակի վատթարացման եւ վատառողջության: Ընդ որում՝ պրոկրաստինատորները կարող են հետաձգել ոչ միայն աշխատանքային կամ կենցաղային խնդիրները, այլ նույնիսկ սեփական տարական պահանջմունքների բավարարումը, օրինակ՝ քնելու անհրաժեշտությունը:

Թուրք գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում 229 մարդու շրջանում հարցում են կատարել պարզելու քնի որակն ու ռեժիմը, ինքնավերահսկման մակարդակը եւ մահվան հանդեպ վերաբերմունքը: Վերլուծելով փորձարկվողների տարիքը, ընտանեկան դրությունը, սեռը, զբաղվածությունը եւ երեխաների առկայությունը, հետազոտողները պարզել են, որ մահվան վախն ուղիղ համահարաբերակցություն ունի «անկողնային պրոկրաստինացիայի» հետ, բայց միայն տղամարդկանց շրջանում: Այլ խոսքով՝ արական սեռի հարցվածների մեծամասնությունը, որոնք համաձայնել են «Ինձ անհանգստացնում է մահվան անշրջելիությունը» տիպի պնդումներին, հակված էին քնել պատրաստվելը հետաձգելուն:

«Քնի մեջ անցկացված ժամերը գիտակցված ժամանակ չեն եւ կարող են ժամանակ խլել մարդու կյանքի ընդհանուր տեւողությունից: Այլ խոսքով՝ մարդը որքան քիչ է քնում, այնքան ապրելու համար շատ ժամանակ է մնում,- պարզաբանում են հետազոտության հեղինակները: - Այսպիսով, կարելի է պնդել, որ մահից վախեցող կամ դրա մասին մտահոգվող մարդիկ քնի հանդեպ կարող են ունենալ չգիտակցված բացասական վերաբերմունք եւ որպես հետեւանք՝ փորձեն խուսափել դրանից՝ քնելու ժամը հետաձգելով»:

Այն փաստը, որ կանանց շրջանում մահվան մասին բացասական մտքերի եւ քնել պատրաստվելու պրոկրաստինացիայի միջեւ փոխադարձ կապ  չի դիտվել, գիտնականները բացատրում են ռիսկերի ընկալման տարբերությամբ: «Չնայած պրոկրաստինատորները քնից առաջ սովորաբար գիտեն իրենց գործողությունների հետեւանքների մասին (օրինակ՝ հոգնածություն հաջորդ օրը, ուշադրության կենտրոնացման եւ արդյունավետության նվազում), նրանք դիտավորյալ ընտրում են այդպիսի [ապակառուցողական] վարքագիծ եւ ենթարկվում ավելի վատթար վիճակում հայտնվելու վտանգին»,- ամփոփում են գիտնականները:

Հետազոտողները նշում են, որ մահվան մասին տագնապալի մտքերը «անկողնային պրոկրաստինացիայի» մեծ թվով գործոններից մեկն են: Այսպիսի վարքագիծը կարող է պայմանավորված լինել գենետիկորեն եւ լինել խրոնոտիպի՝ օրվա ռիթմերի անհատական առանձնահատկությունների դրսեւորում: