Բեռլինի իրավապահ մարմինները հայտնել են, որ Գերմանիայի մայրաքաղաքում անցկացված «Gen Z regelt» խորագրով բողոքի ակցիայի ընթացքում, որին մասնակցել է մոտ 1200 մարդ, ձերբակալվել է ավելի քան 20 անձ։
«Ցույցին մասնակցել է 1200 մարդ։ Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 22 անձ, իսկ 13 դեպքով կազմվել են արձանագրություններ՝ կապված հասարակական կարգի խախտումների, հարձակման, ձերբակալմանը դիմադրություն ցույց տալու և պիրոտեխնիկայի օգտագործման կանոնների խախտման հետ»,- նշել է ոստիկանությունը X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաքի Շառլոտենբուրգ թաղամասում բողոքի ակցիայի ընթացքում կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել է մոտ 700 աշխատակից։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում տեղի են ունեցել լայնածավալ ցույցեր, որոնք կազմակերպվել էին «Gen Z regelt» երիտասարդական նախաձեռնության կողմից։ Ըստ կազմակերպիչների՝ դրանց մասնակցել է մոտ 120 000 մարդ։ Երիտասարդ ցուցարարները պահանջել են ավելացնել կրթության ֆինանսավորումը, նվազեցնել ծախսերը, ապահովել սոցիալական արդարություն և պաշտպանել կլիման, միաժամանակ դեմ արտահայտվելով պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը։
