Ռուսաստանը կրկին պահանջել է ՆԱՏՕ-ից զորքերն ու ռազմակայանները հետ քաշել այն դիրքեր, որոնք դաշինքը զբաղեցնում էր 1997 թվականին՝ նախքան դեպի արևելք ընդլայնման մեկնարկը։ Այս պահանջը, Մոսկվայի այլ պայմանների հետ մեկտեղ, ներառված է այն փաստաթղթում, որը ռուսական կողմի ներկայացուցիչներն այս շաբաթ շրջանառել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների հետ բանակցություններում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով բանակցությունների մասնակիցներից մեկի փոխանցած փաստաթղթի պատճենը։ Դրա իսկությունը հաստատել է քննարկումների ընթացքին ծանոթ ևս մեկ աղբյուր։
Փաստաթուղթը թվագրված է նոյեմբերի 10-ով և արտացոլում է Ռուսաստանի դիրքորոշումն Աբու Դաբիում կայացած բանակցություններում, որտեղ փետրվարից ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Պարբերականի տվյալներով՝ Մոսկվայի հիմնական պահանջները գրեթե չեն փոխվել 2021 թվականի դեկտեմբերից, երբ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջեց հրաժարվել հետագա ընդլայնումից և էապես սահմանափակել դաշինքի ռազմական գործունեությունն Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում։
Նոր փաստաթղթում Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջում է բացառել դաշինքի հետագա ընդլայնումը, ինչպես նաև «ցանկացած ռազմական գործունեություն» Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի այլ երկրներում։
Ռուսաստանը նաև պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան ցանկացած տեսակի զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները։ Մոսկվան հնարավոր է համարում Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն այն պայմանով, որ Կիևը չմասնակցի կառույցի ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։
Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բացառեն եվրոպական այլ պետությունների պաշտպանության նպատակով իրենց միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Դեռ 2021 թվականին Մոսկվան պահանջում էր, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի միջուկային զենքի համատեղ օգտագործման մեխանիզմներից, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին օգտվել ամերիկյան միջուկային զինանոցի պաշտպանությունից։
Ըստ NYT-ի՝ փաստաթուղթը չունի ստորագրություն կամ պաշտոնական վավերապայմաններ և այսպես կոչված «ոչ պաշտոնական դիվանագիտական փաստաթուղթ» է (non-paper), որն արտացոլում է կողմերից մեկի դիրքորոշումը։ Բանակցությունների մասնակիցները նշում են, որ դրանում շարադրված պահանջներն արտացոլում են Մոսկվայի ելակետային դիրքորոշումը։ Միաժամանակ ռուսական կողմի ներկայացուցիչները հասկացնել են տվել, որ Վլադիմիր Պուտինը կարող է ճկունություն ցուցաբերել։
Ռուս պաշտոնյաները նաև որպես Եվրոպայի հետպատերազմյան կառուցվածքի մոդել են ներկայացրել Սառը պատերազմն ու ԽՍՀՄ-ի գլխավորած Վարշավյան պայմանագիրը։ Նրանց պնդմամբ՝ մայրցամաքի բաժանումն ամերիկյան և խորհրդային ազդեցության գոտիների, ինչպես նաև դրանց միջև գործող հաղորդակցության ու փոխըմբռնման մեխանիզմները նվազեցնում էին հակամարտության ռիսկը։
Ամերիկյան կողմն իր հերթին Մոսկվային հորդորել է հաշվի առնել 2021 թվականի դեկտեմբերից ի վեր տեղի ունեցած փոփոխությունները և կենտրոնանալ ապագայի վրա։ Ըստ ամերիկյան կողմի ներկայացուցչի՝ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները պատրաստ են դիտարկել ռուսական նոր առաջարկները, որոնք լարվածության թուլացմանն ուղղված կոնկրետ քայլեր են նախատեսում։
Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Մոսկվա, որտեղ հինգշաբթի հանդիպել են Պուտինի հետ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը նախկինի պես 2021 թվականի ռուսական առաջարկները համարում է «անբաժանելի անվտանգության ճարտարապետության հիմքերի վերաբերյալ մեր տեսլականի» արտացոլումը։
Մոսկվայից ամերիկացի ներկայացուցիչներն ուղևորվել են Դուբլին, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին։ Հանդիպումից հետո Քուշները հայտարարել է, որ առանց եվրոպացիների մասնակցության հնարավոր չէ համաձայնագիր կնքել։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հինգշաբթի մերժել է Մոսկվայի պահանջները՝ հայտարարելով, որ դրանց ընդունումն ուղղակի սպառնալիք կներկայացնի Լեհաստանի անվտանգության համար։ Նրա խոսքով՝ ռուսական պայմաններն անընդունելի են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և, նախևառաջ, Լեհաստանի նման երկրների համար։
