Հայաստանը չի ստորագրել «Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքների մասին» հռչակագիրը, որը հրապարակվել է նոյեմբերի 12-ին՝ Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Փաստաթուղթը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը՝ Ելիսեյան պալատը։
Հռչակագրի տակ ստորագրել են եվրոպական 40 պետություններ, այդ թվում՝ Վրաստանն ու Ուկրաինան։ Հայաստանը ստորագրողների ցանկում չկա։
Փաստաթղթում ընդգծվում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու, նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանական կարողություններն ու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Հռչակագրի ստորագրած երկրները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակներում անվտանգության համագործակցության խորացմանը։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Իսկ նոյեմբերի 12-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Հայաստանի աջակցության հիմնական խմբի առաջնորդների հետ։
