Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Vida Fitness ֆիթնես ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հրաձգության մեջ կասկածվող անձը նույնպես մահացել է, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով դաշնային իրավապահ մարմինների աղբյուրները։
Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունից հետո տղամարդը պատսպարվել է մոտակայքում գտնվող բնակարանում։ Իրավապահները նրա հետ հեռախոսային կապ են պահպանել, սակայն ինչ-որ պահի կրակոցի ձայն են լսել և կորցրել կապը։ Երբ ոստիկանները մտել են բնակարան, կասկածյալին հայտնաբերել են հրազենային վնասվածքով, որը նա, ենթադրաբար, ինքն է իրեն հասցրել։
Մայրաքաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է, որ քննությունը ուսումնասիրում է հարձակման հնարավոր դրդապատճառները։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը ընդհարվել է ունեցել բնակելի շենքի բնակարանների սեփականատերերի միության հետ։ Տղամարդու անունը դեռ չի հրապարակվում։ Ոստիկանության տվյալներով՝ ինչ-որ պահի նրա մոտ ատրճանակ է եղել։ Այլ զենքի առկայությունը դեռ պետք է պարզել։
Vida Fitness ֆիթնես ակումբը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, փակ է անորոշ ժամկետով։ Տնօրինությունն այցելուներին խնդրել է չմոտենալ շենքին և հարակից տարածքին ու հետևել իրավապահ մարմինների ցուցումներին։
