Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի կառուցվածքային վերակազմավորման հավակնոտ ծրագիր է մշակել՝ ակումբի ֆինանսական դրությունը բարելավելու և հսկայական եկամուտներ ապահովելու նպատակով։

Նախատեսվում է ակումբի բաժնետոմսերի մի մասը (ոչ վերահսկիչ փաթեթը) վաճառել ֆինանսական ներդրողների, ինչը թույլ կտա շուրջ 1 միլիարդ եվրո ներգրավել։ Ընդ որում՝ այս հեղափոխական քայլը հնարավորություն կտա ապահովել արտաքին ներդրումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով ակումբի անդամների (սոսիոսների) վերահսկողությունը կառավարման գործընթացների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է The Touchline պարբերականը, թեև Պերեսն իր ծրագիրը դեռ հրապարակայնորեն չի քննարկել, պոտենցիալ ներդրողների թվում արդեն շրջանառվում են ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյի և Sixth Street ներդրումային ընկերության անունները։

Այս նախագծի մյուս ինտրիգային կետը վերաբերում է ակումբի ապագա նախագահի հարցին։ Հաղորդվում է, որ Պերեսն աստիճանաբար այդ պաշտոնին և ավելի մեծ պատասխանատվության է նախապատրաստում Ռաֆայել Նադալին։ Իսպանացի լեգենդար թենիսիստը նախկինում արդեն ընդունել է «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու հրավերը, որը պետք է վավերացվի ակումբի պատվիրակների կողմից՝ նոյեմբերի 21-ին նախատեսված քվեարկությամբ։

Այդուհանդերձ, Նադալը դեռ չի հայտարարել նախագահական ընտրարշավ սկսելու մասին, իսկ ակումբի անդամակցության ներկայիս խիստ պահանջները կարող են խանգարել նրան առաջադրվել մինչև 2031 թվականը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 12 տուրից հետո «արքայական» ակումբը վաստակած 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։

Աղբյուրը`ArmSport.am

Share.