Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։

Օրակարգի հիմնական հարցը հայկական երկաթուղու շահագործումն է։

Հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ ստեղծեցին՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Հանդիպումից հետո Բելոզյորովը ասել էր, որ ՀԿԷ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չի եղել։

Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Share.