Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը՝ եվրոպական երկրներին կոչ անելով ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ։ Այս մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Եթե մենք ցանկանում ենք լինել բանակցային գործընթացի մասնակից, ապա չենք կարող լռություն պահպանել և անցնել անձայն ռեժիմի։ Մենք պետք է ուղղակիորեն խոսենք ռուսների հետ»,- ասել է Ստուբը։
Մեկնաբանելով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը՝ Ստուբը քննարկումները բնութագրել է որպես «լավ և անմիջական»։ Նա նշել է, որ շփման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը եղել է «շատ խորաթափանց, վերլուծական մտածողությամբ, լավ պատրաստված և շատ հանգիստ», ինչպես նաև, նրա խոսքով, անշուշտ, կարողանում է լսել զրուցակցին։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահն ընդունել է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։
Հոկտեմբերի 27-ին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես հայտնել էին Կրեմլում, Ռուսաստանի ղեկավարը զրույցի ընթացքում գնահատական էր տվել ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։ Կողմերը նաև քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում և Օսլոյում։
