Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի

Իտալիայում առնվազն 300 դպրոցից տարհանել են բոլորին՝ ռումբի մասին ահազանգ պարունակող նույն հաղորդագրությունը ստանալուց հետո, հայտարարել է երկրի կրթության նախարարը։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Անվտանգության հետ կապված ահազանգը հնչել է Եվրոպայում, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի սպառնալիքների աճող մտահոգությունների ֆոնին։ Նման հարձակումները թիրախավորել են սուպերմարկետները, արյան բանկերը, օդային երթևեկությունը և հեռուստաընկերությունները։

Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ ռումբի մասին ահազանգերը վերաբերել են 300 դպրոցի։ Նրա խոսքով՝ դրանց թիվը կարող է աճել։

«Երկրի ողջ տարածքում ստացված ռումբի մասին ահազանգից հետո տեղեկացնում ենք, որ բոլոր աշակերտները տեղափոխվել են անվտանգ տարածք և գտնվում են ուսուցիչների հսկողության ներքո», – նշված է Հռոմի դպրոցներից մեկի կողմից ծնողներին ուղարկված հաղորդագրության մեջ։

Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակը ստորագրված է եղել հետևյալ կերպ. «Միխայիլ Անդրոպով՝ Միսոգինիստանի վիլայեթի առաջնորդ»։

Հռոմի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։

Share.