Եվրամիության համար Հարավային Կովկասն անառարկելի նշանակություն ունի, իսկ հարևան տարածաշրջաններում առկա լայնամասշտաբ աշխարհաքաղաքական մարտահրավերներն այսօր առավել են ընդգծում այդ կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

«Մենք առավել քան հանձնառու ենք խորացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակներում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում այդ գործընթացը երկկողմ բնույթ ունի, սակայն գործնական մակարդակում նախաձեռնություններին աջակցելու մեծ ներուժ կա, և մենք հենց դրանով ենք զբաղվում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նշանակալի հեռանկար է բացվում։

Սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և իրապես խթանելու տարածաշրջանային գործակցությունը։ Խոսքն Արևելքին ու Արևմուտքին միտված ձևաչափի մասին է, որը չի սահմանափակվում միայն Կասպից ծովով ու Եվրոպայով․ մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում նաև, օրինակ, Մերձավոր Արևելքի ուղղությամբ։

Եվրամիության համար տարածաշրջանի նշանակությունն անառարկելի է։ Ինչպես արդեն նշեցի՝ այդպես եղել է միշտ, սակայն հարևան երկրներում առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներն այսօր առավել են ընդգծում այդ կարևորությունը։ Մենք հանձնառու ենք շարունակելու մեր խորքային գործակցությունը երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում։ Թեև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը երկկողմ է, գործնական քայլերին աջակցելու բազմաթիվ հնարավորություններ կան, ինչն էլ մենք անում ենք։

Կան բազմաթիվ հստակ ոլորտներ, որտեղ հնարավոր է եղել առաջընթաց գրանցել, և այդ հնարավորությունները պահպանվում են՝ սկսած սահմանազատումից մինչև առևտուր ու տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Վերջինս Եվրամիության համար ռազմավարական կարևորագույն առաջնահերթություն է։ Սակայն պակաս կարևոր չէ նաև հասարակությունների հետ տարվող աշխատանքը, որպեսզի մարդիկ իրենց լիովին ապահով զգան՝ ունենալով ամուր, արդար և հարատև խաղաղություն»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Share.