Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

Հորդանանը ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի շրջանակում ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դարաայի նահանգին, որի հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա և 1 կին։ Եվս 3 մարդ վիրավորվել է։

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարել է, որ հորդանանյան կողմին տեղեկացրել է, որ կտրականապես դեմ է երկրի տարածքում ռազմական գործողությունների իրականացմանն՝ առանց նախնական համաձայնեցման։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Մենք խորը ցավակցություն ենք հայտնում այս գործողության հետևանքով Դարաայի նահանգի բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների համար», – նշվել է հայտարարության մեջ։

Նախարարությունը հաստատել է հորդանանյան կողմի հետ շարունակական կապը և համակարգումը՝ գործողության մանրամասներն ու պատճառները պարզելու և դրա հետևանքները լուծելու ուղիները քննարկելու համար։

Դարաայի նահանգում ստեղծված իրավիճակի և տեղի ունեցող զարգացումների պատճառով Սիրիայի սահմանային անցակետերի և մաքսային ծառայության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 27-ին փակել է Հորդանանի հետ Նասիբ սահմանային անցակետը։ Վարչությունը նշել է, որ որոշումը նախատեսում է ուղևորափոխադրումների և առևտրային երթևեկության լիակատար դադարեցում՝ անցակետում ճանապարհորդների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։

Հոկտեմբերի 26-ին Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել են Սիրիայի հարավում գտնվող ծայրահեղական խմբավորումներին պատկանող թիրախների դեմ հարվածների մասին այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք կապված են Հորդանանի Քարաքի նահանգում գտնվող Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակումն իրականացրած ահաբեկիչների հետ։ Հոկտեմբերի 23-ին հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ինը, վիրավորվել՝ 34 մարդ։

Share.