ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել կազմակերպությունից։
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նա ասել է, որ Հայաստանը շարունակում է ստանալ կազմակերպության փաստաթղթերը, սակայն չի մասնակցում դրանց շուրջ քննարկումներին և որոշումների ընդունմանը։
«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք պատասխան ենք ստանում, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկումներին և որոշումների ընդունմանը, սակայն առարկություն չունի սահմանափակ ձևաչափով որոշումներ ընդունելու դեմ։ Այսինքն՝ նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին․ աշխատանքը շարունակվում է, մենք որոշումներ ենք ընդունում»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը լսում է շաբաթական զեկույցները, սակայն չի մասնակցում կազմակերպության հիմնական միջոցառումներին, այդ թվում՝ զորավարժություններին։
Մասադիկովը նշել է, որ ստեղծված իրավիճակը կարելի է դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համատեքստում՝ եզրակացնելով, որ Հայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել կազմակերպությունից։
