Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա: Առաջին երկկողմ այցի շրջանակում նա այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախատեսվում է Մարկ Քարնիի հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ կողմերը կստորագրեն երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին հռչակագիր, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։

Թուրք դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ հանդիպման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի։

Քարնին ակտիվացնում է համաշխարհային առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի և բարձր մաքսատուրքերի ֆոնին:

Կանադայի և Թուրքիայի առաջնորդները հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սկսել են ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։

Գործակալությունը նշում է, որ Թուրքիան, իր հերթին, շահագրգռված է ներդրումներ ներգրավել պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Share.