Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի

Կիևում Ռուսաստանի օդային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Բացի այդ, հարվածների հետևանքով տուժել է 21 մարդ, այդ թվում՝ ութամյա երեխա, հայտնել են տեղական իշխանությունները։

Նշվում է, որ հարվածները հասցվել են քաղաքի մի քանի էներգետիկ օբյեկտների։

Պայթյուններ են որոտացել նաև Խարկովում, առաջացել են էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խափանումներ։

Խմելնիցկիում ոչնչացվել է «Էպիցենտր»-ի՝ Ուկրաինայի վերջին խոշոր լոգիստիկ համալիրը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այն ենթարկվել է մոտ տասը հարձակման, ինչի հետևանքով պահեստներում տեղի է ունեցել հինգ խոշոր հրդեհ։ Կրակը ոչնչացրել է ապրանքների մոտ 85%-ը։

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այս անգամ բալիստիկ վտանգի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ հրթիռները մոտեցել են մայրաքաղաքին։ Հետախուզական տվյալների բացակայության պատճառը նախկինում նշվել էր «վատ եղանակային պայմանները»։

Միևնույն ժամանակ, փաբլիքները, ըստ news.am-ի, հաղորդել են Ռոստովում նավթավերամշակման գործարանում և Ռուսաստանի խոշորագույն տվյալների մշակման կենտրոններից մեկում՝ Սարատովի մարզի Բալակովոյում, տեղի ունեցած պայթյունի մասին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ երեքշաբթի երեկոյից դեպի Մոսկվայի տարածաշրջան էր թռչում 493 անօդաչու թռչող սարք, որոնցից 180-ը ոչնչացվել են Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։

Share.