Ռուսական բանակը սեպտեմբերին Ուկրաինայի ճակատում կորցրել է ավելի քան 50 հազար մարդ, որոնցից 28 հազարը՝ զոհվել են, Bloomberg-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ռազմական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ամսական ռեկորդային կորուստներն արձանագրվել են շարունակվող հարձակման ֆոնին։ Հրամանատարությունը ռուս զինվորներին ուղարկում է «խոցման գոտիներ», որտեղ նրանք հայտնվում են անօդաչու սարքերի ու հրետանային հարվածների տակ, ինչպես նաև բախվում ականների։ Միևնույն ժամանակ, հիմնականում պաշտպանական դիրքերում գտնվող ուկրաինական բանակի կորուստները մեկ ամսում կազմել են շուրջ 5 հազար սպանված և վիրավոր: Արդյունքում, «Bloomberg»-ի զրուցակցի գնահատմամբ, Ռուսաստանը սեպտեմբերին կորցրել է մոտ տասն անգամ ավելի շատ մարդկային ուժ, քան Ուկրաինան:
Դեռևս տարվա սկզբին ռուսական կորուստների գնահատականներն ավելի ցածր էին։ Ապրիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն ասում էր, որ առանձին ամիսներին ՌԴ բանակը կորցնում է 30–35 հազար զինծառայող (զոհված և վիրավոր)։ Նույն գնահատականը նա ներկայացրել էր նաև հունիսին։ Սակայն արդեն օգոստոսի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել էր, որ Ռուսաստանը սկսել է ամսական կորցնել ավելի քան 40 հազար մարդ։ Սեպտեմբերին Ռյուտեն նշել է նոր թիվ՝ 43 հազար զոհված և վիրավոր։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբում էլ ներկայացրել էին նմանատիպ գնահատական։ Նրա տվյալներով, սեպտեմբերին ռուսական բանակի կորուստները դարձել են պատերազմի ողջ ընթացքում ռեկորդային և հասել 46,2 հազար մարդու։
