Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը Ռուսաստանի համաձայնությամբ Բելառուսից գնում է սպառազինություն և անօդաչու սարքեր, իսկ գործարքներում միջնորդի դեր է կատարում Հնդկաստանը, հայտնում է Afghanistan International-ը՝ հղում անելով հինգ նախկին բարձրաստիճան աֆղան պաշտոնյաների։
Նրանց տվյալներով՝ Մինսկի և թալիբների միջև շփումները ակտիվացել են շարժման պաշտպանության նախարար Մոհամմադ Յակուբի՝ մայիսի վերջին — հունիսի սկզբին Մոսկվա կատարած այցից հետո։ Այցի ընթացքում ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Ռուսական կողմը պնդում էր, որ փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանի մոտ մնացած խորհրդային ռազմական տեխնիկայի վերանորոգում։
Հեռուստաալիքի զրուցակիցը, որը մոտ է թալիբներին, հաստատել է Բելառուսի հետ պայմանավորվածությունների առկայությունը և հայտարարել, որ համագործակցությունն ընթանում է Ռուսաստանի մասնակցությամբ։ Աղբյուրների խոսքով՝ թալիբները հետաքրքրված են սպառազինությամբ և անօդաչու սարքերով՝ Պակիստանի հետ հարաբերությունների սրման պատճառով, իսկ Հնդկաստանը, որը նույնպես հակամարտության մեջ է նշված երկրի հետ, հովանավորում է այդ գործարքները։
Նմանատիպ սխեմա կիրառվել էր նաև Աշրաֆ Ղանիի կառավարության օրոք։ Աֆղան նախկին բարձրաստիճան ուժային պաշտոնյան պատմել է, որ այն ժամանակ Հնդկաստանը Բելառուսից ուղղաթիռներ էր գնում աֆղանական ուժերի համար, ինչպես նաև իր ձեռնարկություններում վերանորոգում էր տեխնիկայի մի մասը և այն փոխանցում Քաբուլին։ Այժմ թալիբները, աղբյուրի պնդմամբ, փորձում են կիրառել նմանատիպ մեխանիզմ։
Մինսկն իսկապես ընդլայնում է կապերը խմբավորման հետ։ Օգոստոսին Բելառուս էր այցելել 13 թալիբներից բաղկացած պատվիրակություն՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Աթաուլլա Օմարիի գլխավորությամբ։ Նրանք մասնակցել էին առևտրատնտեսական համագործակցության հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստին։ Բացի այդ, թալիբները հաստատել են նաև համատեղությամբ Բելառուսի դեսպանի թեկնածությունը։
Միևնույն ժամանակ, հրապարակայնորեն Ռուսաստանը հանդես է գալիս որպես Պակիստանի դաշնակից և դատապարտում է նրա դեմ թալիբների հետ կապված խմբավորումների հարձակումները՝ կոչ անելով համատեղ պայքարել ահաբեկչության դեմ։
