ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակում որոշում կընդունի Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ՝ կրկին չբացառելով ամերիկյան ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։
«Ես որոշում կունենամ Իրանի վերաբերյալ։ Իրանը ոչնչացվելու է։ Այնպես որ հարցը միայն այն է, թե դա հեշտ ճանապարհ կլինի, թե դժվար»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տնից հեռանալիս։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Իրանը «գործնականում հրաժարվում է» միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։
Հայտարարությունը հնչել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ Axios-ը հայտնել էր Քեմփ-Դեյվիդում Թրամփի ազգային անվտանգության հարցերով առաջատար խորհրդականների գաղտնի հանդիպման մասին։ Պարբերականի տվյալներով, այնտեղ քննարկվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի տարբերակները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենում հութիների միջև հակամարտության շուրջ իրավիճակը։
