Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովում։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն մտահոգված է հայկական հասարակությունում առկա որոշ միտումներով, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությամբ։

«Մեկ այլ մտահոգիչ գործոնն այն է, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են հայ երիտասարդության շրջանում։ Սա կարևոր հանգամանք է։ Այդ պատճառով մենք նույնպես կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ», – ասել է նա։

Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից կա ռազմավարական վճռականություն՝ շարունակել խաղաղության օրակարգը, գործնականում ամրապնդել այն և կառուցել խաղաղության այնպիսի ճարտարապետություն, որը կկարողանա ապահովել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։

«Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց», – հավելել է նա։

Share.