Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի

Վրաստանն Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանիին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ երկրի պատմության և թագուհի Քեթևանի մասին սոցիալական ցանցերում նրա արված հրապարակումներից հետո, հայտնում է Georgia Online-ը։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին դիվանագետին հայտնել է, որ նրա հայտարարությունները «դուրս են գալիս դիվանագիտական գործունեության շրջանակից»։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Խվտիսիաշվիլին նշել է, որ նման հայտարարությունները բացասաբար են ազդում հասարակական տրամադրությունների վրա։ Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի, և նման դեպքեր այլևս չեն կրկնվի, որպեսզի Թբիլիսիին չհարկադրվի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

Փոխնախարարը հիշեցրել է նաև, որ Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է գործեն իրենց մանդատի և իրավասության շրջանակում, պահպանեն դիվանագիտական հարաբերությունների նորմերը և զերծ մնան ընդունող երկրի պատմության ու ներքին հարցերի մեկնաբանությունից։

Վրացական լրատվամիջոցի տվյալներով՝ առիթը Վրաստանի ամենից հարգված պատմական դեմքերից մեկի՝ թագուհի Քեթևանի մասին Մոջանիի հրապարակումն էր։ Մի քանի օր առաջ դեսպանը գրել էր, որ Թբիլիսիում Իրանի դեսպանատան ճակատամասում լուսավորվել է նրա պատկերը, և հայտնել էր իր նախնական ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու մտադրության մասին, որը նվիրված է թագուհուն, ինչպես նաև Իրանում և Վրաստանում պահվող փաստաթղթերին ու պատմական աղբյուրներին։

Մոջանին ընդգծել է, որ իր առաջիկա հրապարակումը չի լինի պատմության պաշտոնական տարբերակ և հավակնություն չի ունենա վերջնականապես փակելու Քեթևանի վերաբերյալ հարցը։ Նա նշել է, որ դա կլինի պատմաբանի անձնական գնահատականը հետազոտության ներկա փուլում, որը հետագայում կարող է լրացվել, վերանայվել կամ ուղղվել՝ նոր աղբյուրների և վրացի ու իրանցի հետազոտողների համատեղ աշխատանքի հիման վրա։

Նա գրել է նաև, որ նման պատմությունների վերաիմաստավորումը կարող է օգնել երկու երկրներին ավելի լավ հասկանալ միմյանց։

Դեսպանի հայտարարությունն արժանացել է վրացի քաղաքական գործիչների քննադատությանը։ Խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Մոջանին պետք է պահպանի դիվանագիտական արարողակարգը և զերծ մնա պատմական մեկնաբանություններից։

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Իրանի դեսպանի հրապարակումները հարցեր են առաջացնում Թբիլիսիում։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Մոջանին մեկնաբանություններ էր հրապարակել, երբ Վրաստանը որոշել էր պահպանել ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական ավիաընկերությունների նկատմամբ, այդ թվում հրապարակել էր տարածաշրջանի քարտեզ, որի վրա ներկայացված էր Վրաստանի տարածքի միայն մի մասը։

Share.