Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Boeing Co. ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային ստելս-կործանիչների արտադրության համար, որոնցով 2030-ականներից սկսած կհագեցվեն ամերիկյան ավիակիրները։

Ինչպես նշել են Պենտագոնում, F/A-XX կործանիչը տասնամյակներ շարունակ կապահովի ավիակիրներից ուժի առաջատար պրոյեկցիա։ Այն կփոխարինի ԱՄՆ ռազմածովային ուժերի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին և կշահագործվի հինգերորդ սերնդի F-35C տախտակամածային կործանիչի հետ համատեղ։ Բացի այդ, F/A-XX-ը կկարողանա գործողություններ իրականացնել կիսաինքնավար անօդաչու հարթակների հետ համատեղ, որոնք հայտնի են որպես համատեղ մարտական ավիացիայի ինքնաթիռներ (CCA)։

«Վեցերորդ սերնդի կործանիչը բեկում է օդային գերազանցության նվաճման գործում։ Այն աշխարհի լավագույն օդաչուներին կապահովի աննախադեպ հնարավորություններով՝ մարտական գործողություններ վարելու, հաղթելու և անվտանգ տուն վերադառնալու համար։ Մենք ուրախ ենք Boeing-ի հետ համագործակցության համար և այն բանի համար, որ մեր զինծառայողները կկարողանան նաև հետագայում գերիշխել երկնքում և հաղթել մեր երկրի թշնամիներին»,- հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն։

«F/A-XX-ը մեր ձգտման կարևորագույն հենասյունն է՝ ուժի միջոցով խաղաղություն պահպանելու գործում։ F/A-XX-ը կգերիշխի վիճարկվող օդային տարածքում, կընդլայնի օպերատիվ հնարավորությունները և կապահովի վճռորոշ մարտական առավելություն»,- նշել է պաշտպանության նախարարի տեղակալը՝ գնումների և ապահովման հարցերով, Մայքլ Դաֆին։

Պենտագոնը չի հայտնում ձեռք բերվող ինքնաթիռների քանակի և տեխնիկական տվյալների մասին, որոնք գաղտնի են համարվում, ինչպես նաև շահագործման հանձնելու կոնկրետ ժամկետների մասին։

Air and Space Forces Magazine ամսագրի տվյալներով՝ F/A-XX-ի թռիչքի հեռահարությունը՝ առանց օդում վերալիցքավորման, 25%-ով ավելի մեծ կլինի, քան ռազմածովային ուժերի ներկայիս կործանիչներինը։ F/A-18 Super Hornet-ի մարտական շառավիղը կազմում է մոտ 2350 կմ, ինչը փոքր-ինչ ավելի է, քան F-35C Lightning II-ի մարտական շառավիղը, որը գերազանցում է 2200 կմ-ը։

Միևնույն ժամանակ, ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Boeing-ի ընտրությունը, որը NGAD (Next Generation Air Dominance) ծրագրի շրջանակում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ակտիվորեն մշակում է հեռանկարային վեցերորդ սերնդի F-47 կործանիչը, կարող է արագացնել F/A-XX-ի ստեղծման գործընթացը և այն ավելի արագ գործարկել արտադրության մեջ։

Share.