ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի՝ յոթօրյա հրադադար հաստատելու առաջարկը և իր օգնականներին հայտնել, որ ԱՄՆ-ում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո սպասում է Իրանի դեմ ամերիկյան հարվածների վերսկսմանը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Թեհրանի առաջարկը նախատեսում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում։ Փոխարենը Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն հանի իր նավահանգիստների ծովային շրջափակումը, թուլացնի նավթի արտահանման սահմանափակումները և ազատ արձակի Իրանի սառեցված ակտիվների մի մասը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակում առաջին քայլերը պետք է իրականացվեն չորս-հինգ օրվա ընթացքում։ Վեցերորդ օրը Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը բնականոն նավարկության համար, իսկ յոթերորդ օրը կողմերը պետք է սկսեն բանակցություններ միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ։ Արաղչիի խոսքով՝ Թեհրանի առաջարկները ԱՄՆ-ին փոխանցվել են միջնորդների, մասնավորապես՝ Կատարի միջոցով։
Սակայն, աղբյուրների տվյալներով, Թրամփի վարչակազմը մտադիր չէ հանել ծովային շրջափակումը։ Վաշինգտոնը հաշվարկում է, որ շարունակվող տնտեսական ճնշումը կստիպի Թեհրանին ընդունել այնպիսի պայմաններով համաձայնագիր, որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Պարսից ծոցում կհամարեն ընդունելի։ Միևնույն ժամանակ ամերիկացի և իրանցի ներկայացուցիչները շարունակում են միջնորդների միջոցով առաջարկների փոխանակումը։
Թրամփը հրապարակայնորեն պնդում է, որ Իրանը ձգտում է միջանկյալ ընտրություններից հետո կնքել համաձայնագիր և համաձայնել իր միջուկային ծրագրի ապամոնտաժմանը։ Միաժամանակ ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ նախագահը թերահավատորեն է գնահատում Թեհրանի պատրաստակամությունը կատարել իր պահանջները և արդեն օգնականներին հայտնել է ընտրություններից հետո ռմբակոծությունների վերսկսման հավանականության մասին։
Միաժամանակ հնարավոր նոր ռազմական գործողության մասշտաբները մնում են անհստակ։
WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը չի ցանկանում վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այդ թվում՝ այլ հնարավոր հակամարտությունների համար անհրաժեշտ զինամթերքի պակասող պաշարները պահպանելու անհրաժեշտության պատճառով։
Պարբերականի զրուցակիցները նաև նշում են, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը կարող է փոխվել առաջիկա շաբաթներին։
