Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «աղետ» է անվանել իր ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) արդյունքը Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի ընտրություններում, հաղորդում է dpa-ն։

Նախնական տվյալներով, կուսակցությունը ստացել է մոտ 5,5% ձայն, ինչը նրա ամենավատ արդյունքն է հետպատերազմյան Գերմանիայի երկրամասային ընտրություններում։

Բեռլինում գտնվող CDU-ի շտաբում, ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ելույթ ունենալով, Մերցը հայտարարել է, որ այս արդյունքը «գունազարդել» հնարավոր չէ։ Միաժամանակ կանցլերը ընդգծել է, որ մտադիր է շարունակել արդեն սկսված տնտեսական և սոցիալական բարեփոխումները։

«Ես ստանձնում եմ այս պատասխանատվությունը, որովհետև ուզում եմ մեր երկիրը առաջ տանել», — ասել է Մերցը։ Ըստ նրա, բարեփոխումների հաջող իրականացումը պետք է փոխի ոչ միայն Գերմանիայում կյանքի պայմանները, այլև երկրի պատկերացումն ինքն իր մասին և նրա դերը աշխարհում։

Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայում, ըստ ARD-ի էքզիթփոլի, առաջին տեղը զբաղեցրել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ստանալով 37% ձայն։ Երկրամասի վարչապետ Մանուելա Շվեզիգի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) ստացել է 35,5%։ CDU-ն հավաքել է 5,5%, ինչը մի փոքր բարձր է եղել երկրամասային խորհրդարան անցնելու հինգտոկոսանոց շեմից։

Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայում և Բեռլինում կայացած ընտրությունները դարձան Մերցի դաշնային կառավարության համար հերթական փորձությունը։ Դրանք անցկացվել են Սաքսոնիա-Անհալտում կայացած ընտրություններից երկու շաբաթ անց, որտեղ AfD-ն նույնպես բարձր արդյունք էր գրանցել։

Մերցը հայտարարել է, որ, չնայած ընտրությունների արդյունքներին, Գերմանիան «ունակ է բարեփոխումների» և կոչ է արել շարունակել փոխակերպումների ուղղությամբ աշխատանքը։

Share.