Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տնտեսական անվտանգությունն անբաժանելի է ազգային և տարածաշրջանային անվտանգությունից, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ երբ երկրի առևտրային, էներգետիկ կամ ֆինանսական համակարգը ենթարկվում է քաղաքական կամ ռազմական ճնշման, հետևանքները շատ հեռու են տարածվում նրա ազգային սահմաններից դուրս։
Ուրբաթ օրը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը նշել է, որ աշխարհաքաղաքական անորոշությունը, մատակարարման շղթաների խափանումները և քաղաքական ճնշման համար տնտեսական գործիքների ավելի ու ավելի ակտիվ կիրառումը զգալիորեն բարդացրել են համաշխարհային տնտեսական իրավիճակը։
Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին կոչ է արել ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա առանձին պետություններին խախտել օրինական առևտուրը՝ ֆինանսական կամ տեխնոլոգիական գործիքների մենաշնորհացման հաշվին։ Նրա կարծիքով՝ միավորման երկրների տնտեսությունների կայունությունը պետք է ապահովվի առևտրային գործընկերների, ֆինանսավորման աղբյուրների և վճարային մեխանիզմների դիվերսիֆիկացիայի միջոցով։
Փեզեշքիանը շեշտել է, որ ԲՐԻԿՍ-ի իրական ուժը կդրսևորվի այն ժամանակ, երբ դրա մասնակիցների տնտեսական ներուժը կվերածվի առևտրի, ներդրումների և ֆինանսավորման գործնական ցանցերի։ Նա առաջարկել է ընդլայնել անդրսահմանային շուկաները, վերացնել վարչական և կարգավորող խոչընդոտները, թվայնացնել և ինտեգրել մաքսային ընթացակարգերը, ինչպես նաև ավելի ակտիվ զարգացնել մասնավոր հատվածի համատեղ ներդրումները։
Իրանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել էներգետիկ և պարենային անվտանգությանը՝ դրանք անվանելով տնտեսական անվտանգության առանցքային բաղադրիչներ։ Նրա խոսքով՝ Իրանը, շնորհիվ զգալի էներգետիկ ռեսուրսների և ռազմավարական աշխարհագրական դիրքի, պատրաստ է դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր էներգետիկ, պարենային և տրանսպորտային մատակարարման շղթաներում։
Տնտեսական կայունության ամրապնդման միջոցներից մեկը Փեզեշքիանը համարել է ԲՐԻԿՍ-ի երկրների փոխադարձ առևտրում ազգային արժույթների բաժնի մեծացումը։ Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ են արժութային ռիսկերի կառավարման և փոխադարձ հաշվարկների պարզեցման մեխանիզմներ։
Իրանի նախագահը նաև առաջարկել է ուժեղացնել ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկի դերը ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի ֆինանսավորման գործում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հատուկ վարկային գծերին, ազգային արժույթներով ֆինանսավորմանը և մասնավոր կապիտալի ներգրավման համար երաշխիքների տրամադրմանը։
Փեզեշքիանի կարծիքով՝ ԲՐԻԿՍ-ի երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը պետք է նպաստի ոչ միայն առևտրի և ներդրումների զարգացմանը, այլև արտաքին ճնշման դիմաց պետությունների կայունության բարձրացմանը, ինչը անմիջականորեն կապված է նրանց ազգային և տարածաշրջանային անվտանգության հետ։
Իրանը, ընդգծել է երկրի նախագահը, պատրաստ է աշխատել ԲՐԻԿՍ-ի բոլոր անդամների հետ՝ ավելի բաց, կայուն և արդար համաշխարհային տնտեսություն ստեղծելու ուղղությամբ։
