«Իրանը շարունակում է փորձել հարվածել ԱՄՆ ռազմածովային նավերին: Ամեն անգամ, երբ նրանք փորձեն դա անել, կորցնելու են տանկերներ: Կարծում եմ՝ այսօր դուք դա դարձյալ կտեսնեք»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոլումբիա այցի ժամանակ:
Ըստ Reuters-ի՝ Մերձավոր Արևելքում պատերազմը սաստկացել է, երբ Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքների՝ ավելի ներքաշելով ԱՄՆ դաշնակցին հակամարտության մեջ։ Ամերիկյան ուժերը հարվածել են իրանական մի քանի նավթատար տանկերների, իսկ Իրանը թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան. գրում է Reuters-ը։
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող չորս քաղաքների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 73 մարդ, և հրդեհվել են նավթային տեղակայանքներ, ինչը վեցամսյա պատերազմի լայնամասշտաբ ընդլայնում է թվում: Մինչ նավթի համաշխարհային շուկաները հաշվի էին առնում Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների ազդեցությունը գների վրա, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը ոչնչացրել է իրանական հում նավթի հինգ տանկեր և հրապարակել է հարվածների տեսանյութը՝ դրանք անվանելով պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից նախորդ երկու օրվա ընթացքում երկու անգամ բալիստիկ հրթիռներով ԱՄՆ Ռազմածովային ուժերի ռազմական նավի թիրախավորմանը: Ամերիկացիներից ոչ ոք չի տուժել, հայտնել է ԱՄՆ-ն:
Այնուհետև Իրանը պատասխան հարված է հասցրել բալիստիկ հրթիռներով Հորդանանի Ալ-Ազրաքի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազային. հայտնում է պետական ԶԼՄ-ներով տարածված ԻՀՊԿ հայտարարությունը: Իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ, ինչպես նշվում է, պատկերված են դեպի Հորդանան արձակված իրանական հրթիռները: Թեև Իրանը հայտարարել է, որ իր հրթիռները ծանր վնաս են պատճառել, Հորդանանը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են իրանական 20 հրթիռներից 18-ը, որոնցից երկուսը ընկել են չբնակեցված տարածքներում, և որ զոհեր չկան:
ԻՀՊԿ առանձին հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հարձակվել են նաև ամերիկյան երկու ականակրի վրա։ ԱՄՆ զինվորականները դեռևս չեն արձագանքել այս հաղորդագրություններին:
