Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը «չափազանց կարևոր» է Ուկրաինայում խաղաղության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հերթական հեռախոսազրույցը։

«Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը չափազանց կարևոր է խաղաղության հասնելու համար»,— գրել է Լունան X սոցիալական ցանցում՝ հրապարակելով ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի գրառման հղումը։

Դմիտրիևը անգլերենով գրել է, որ երկու երկրների առաջնորդները նոր զրույց են ունեցել, և «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկխոսությունը շարունակվում է»։

Մեկ այլ գրառմամբ Լունան ընդգծել է․ «Մենք շարունակում ենք աղոթել խաղաղության և դիվանագիտության համար»։ Նա նաև հրապարակել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Կիևում կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսի հատվածի տեսագրության հղումը, որտեղ Քուշները խոսում է Ուկրաինայում կարգավորման հասնելու համար Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության կարևորության մասին։

«Հրաշալի է, Ջարեդ Քուշներ»,— նշել է Լունան։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի զրույցը տևել է ուղիղ մեկ ժամ և եղել կառուցողական ու անկեղծ։ Զրույցի առանցքում եղել են Ուկրաինայի կարգավորման հարցերը։

Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքների շուրջ։ Ուշակովի խոսքով՝ առաջնորդները ԱՄՆ բանակցողների այցերը «դրական նշանով» են գնահատել, և այդ խողովակով աշխատանքը կշարունակվի։

Share.