Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների պատմության մեջ առաջին ավտոմոբիլային կամուրջը։ Նոր անցակետը կառուցվել է Տումաննայա գետի վրա, որով անցնում է ռուս-հյուսիսկորեական սահմանը։

Կամրջի երկարությունը մոտ մեկ կիլոմետր է, իսկ ամբողջ տրանսպորտային անցուղին՝ ներառյալ մոտեցնող ճանապարհները, կազմում է 4,7 կիլոմետր։ Բացման պաշտոնական արարողությանը տեսակապով մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և ԿԺԴՀ կառավարության ղեկավար Պակ Թհե Սոնը։

Պաշտոնական մեկնարկից հետո կամրջով անցել են առաջին ավտոմոբիլային շարասյուները՝ փաստացի գործարկելով երկու երկրների միջև նոր ցամաքային երթուղին։

Մինչև այժմ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան անմիջականորեն կապվում էին միայն «Բարեկամության կամրջով»՝ 1959 թվականին կառուցված երկաթուղային անցումով։ Նոր ավտոմոբիլային կամրջի գործարկումը, ըստ կողմերի, նախատեսված է երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների ավելացման համար։

Նոր ենթակառուցվածքը կարող է նաև ընդլայնել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերը՝ ստեղծելով երկկողմ առևտրի համար լրացուցիչ ցամաքային հաղորդակցության հնարավորություն։

Share.