Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արասի ազատ տնտեսական գոտին հարևան երկրների հետ համագործակցությունը դիտարկում է ոչ միայն սահմանային առևտրի շրջանակում, այլև որպես ավելի լայն տնտեսական գործընկերության և ներդրումների ներգրավման հիմք։ Այս մասին հայտարարել է «Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպության (Aras Free Zone Organization) գործադիր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Հադի Մողադամզադեն՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող ARMENIA EXPO միջազգային ցուցահանդեսում։
Ըստ նրա, Հայաստանում ցուցահանդեսին մասնակցելը հնարավորություն է տալիս անմիջականորեն քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ Իրանի և հարևան երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ Միևնույն ժամանակ Մողադամզադեն առանձնահատուկ նշանակություն է տալիս Արասի ազատ տնտեսական գոտու աշխարհագրական դիրքին։ Գտնվելով Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, այն, ըստ նրա, իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական առավելությունների շնորհիվ կարող է դառնալ հարմար հարթակ տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման համար։ «Արասը» զգալի ներուժ ունի միանգամից մի քանի ոլորտներում։ Ինչպես նշել է Մողադամզադեն, գոտին Իրանի խոշոր արդյունաբերական տնտեսական կենտրոններից մեկն է, սակայն դրա հնարավորությունները չեն սահմանափակվում արդյունաբերական արտադրությամբ։
Հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է գյուղատնտեսությունը, լոգիստիկան, էներգետիկան և զբոսաշրջությունը։ Մասնավորապես, տարածաշրջանում կան խոշոր գյուղատնտեսական օբյեկտներ, այդ թվում՝ տարածաշրջանի ամենախոշոր ջերմոցային համալիրներից մեկը։ Գոտու աշխարհագրական դիրքը, կազմակերպության ղեկավարի կարծքով, նաև բարենպաստ պայմաններ է ստեղծում լոգիստիկ նախագծերի զարգացման և երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման համար։ Մողադամզադեն ևս մեկ ուղղություն է նշել զբոսաշրջությունը։ Արասի ազատ տնտեսական գոտու տարածքն ունի զգալի պատմամշակութային ժառանգություն, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում ներդրումների և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։
Միևնույն ժամանակ իրանական կողմն առաջարկում է հրաժարվել հարևանների հետ հարաբերություններում բացառապես առևտրային մոտեցումից։ Ըստ Մողադամզադեի, խոսքը տնտեսական համագործակցության նոր ճարտարապետության ստեղծման մասին է, որի շրջանակում երկրները կկարողանան օգտագործել միմյանց հնարավորությունները համատեղ նախագծեր իրականացնելու համար։ «Մենք հարևանների հետ հարաբերություններին նայում ենք ավելի լայն, քան պարզապես սահմանային առևտուրը։ Մենք շարժվում ենք դեպի տնտեսական գործընկերություն բարեկամ և հարևան երկրների հետ», — հայտարարել է նա։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների մասին՝ Մողադամզադեն ընդգծել է երկու երկրների հարևանության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել կապերը հայ գործարարների և ներդրողների հետ։ «Սահմանները երկրները բաժանող գծեր չեն, այլ կամուրջներ, որոնք կարող են նպաստել դրանց միավորմանը և կապերի ամրապնդմանը», — նշել է նա։
