Օմանը մերժել է Իրանի առաջարկը՝ համատեղ գանձել ծառայությունների վճարներ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից խուսափելու նպատակով Մասկատը մերժել է անգամ նեղուցում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պաշտպանության համար կամավոր վճարների գաղափարը։

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Axios-ին հայտնել էր, որ Իրանը կորցրել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, և այժմ այն գտնվում է ԱՄՆ վերահսկողության ներքո։

Մի քանի ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Հորմուզի նեղուցի մեծ մասն արդեն ականազերծվել է, իսկ վերջին շաբաթներին «ավելի ու ավելի շատ նավթատարներ են անցնում նեղուցի հարավային հատվածով»։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ դա «զգալիորեն նվազեցնում է» Իրանի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե Հորմուզի նեղուցն ականազերծվել է, անվանել է «քարոզչական սուտ»։

Share.