«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուտով e-draft հարթակում կտեղադրի ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը։ Դրան կհաջորդի նաև հանրային քննարկում, որից հետո փաստաթուղթը կմտնի Կառավարության նիստի օրակարգ։ Սակայն Կառավարության որոշմամբ գործընթացը չի ավարտվի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո մի քանի ամիս կտևի ընկերության գնահատման գործընթացը։ Հենց այդ գնահատման արդյունքում էլ որոշվելու է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը։ Այսինքն՝ պետությունը նախ պետք է ստանա ՀԷՑ-ի ամբողջական վերահսկողությունը, այնուհետև գնահատվի ընկերությունը, և արդեն դրա հիման վրա սեփականատիրոջը կտրամադրվի փոխհատուցում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական փուլում նախատեսվում է ՀԷՑ-ը պետական ռեգիստրում գրանցել որպես 100 տոկոս պետական սեփականություն։ Այս գործընթացի ամենահետաքրքիր հատվածը, թերևս, լինելու է ոչ միայն այն, թե երբ ՀԷՑ-ը պաշտոնապես կդառնա պետական ընկերություն, այլև՝ որքան է պետությունը վճարելու դրա դիմաց։ Առաջիկայում հրապարակվելիք նախագծից և հետագա գնահատման գործընթացից կախված կլինի, թե պետական բյուջեի վրա ինչ ֆինանսական բեռ կընկնի։

Փաստորեն, ՀԷՑ-ի պետականացման ճանապարհը մտնում է վերջին և ամենաթանկ փուլերից մեկը՝ ընկերության գնահատում, փոխհատուցում և պետական գրանցում։ Ու այս ամենը հպարտ հարկատուներին հաշվին»։

Share.