Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սա Պուտինի և Փաշինյանի առաջին առանձնազրույցն է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։ Վերջին անգամ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպել են 2026 թվականի ապրիլին։

Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը և «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Մինչ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինը մասնակցել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը, ինչպես նաև մի շարք երկկողմ բանակցությունների։

Share.