
Սլովակիան որոշում է կայացրել միանալ ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» (Eastern Sentry) գործողությանը՝ դաշինքի արևելյան թևի օդային տարածքի պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Շնորհակալություն եմ հայտնում Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին և կառավարությանը՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը սլովակ զինծառայողների մասնակցությանը հավանություն տալու համար: Նրանք կտեղակայվեն Լեհաստանում և Ռումինիայում, կիրականացնեն օդային տարածքի հսկողություն և աջակցություն ցույց կտան դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգին», – գրել է Կոսինյակ-Կամիշը X-ում:
Նախարարը հավելել է, որ սա կարևոր ներդրում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության գործում և ապացույց այն բանի, որ «դաշնակիցների համերաշխությունը վերածվում է իրական գործողությունների»։
2025 թ. սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան թևի օդային տարածքի պաշտպանության «Արևելյան ժամապահ» գործողության մեկնարկի մասին: Գործողությունը դարձել է ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակներում կայացած խորհրդակցությունների արդյունքը, որոնք սկսվել էին սեպտեմբերի 10-ին Վարշավայի խնդրանքով՝ Ուկրաինային ուղղված հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ:
