Իսպանական Վիլյենա քաղաքում մի քանի րոպեում թալանել են թանգարան՝ հափշտակելով հանրահայտ «Վիլյենայի գանձի» մեծ մասը՝ Եվրոպայի նախապատմական ոսկե արտեֆակտների ամենանշանակալի հավաքածուներից մեկի։ 66 առարկաներից չարագործները տարել են մեծամասնությունը, հայտնում է The Guardian-ը։

Վիլյենայի թանգարանում ազդանշանային համակարգը գործել է տեղական ժամանակով մոտ 05:20-ին։ Արդեն չորս րոպե անց կողոպտիչները լքել են շենքը։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գործողությունն իրականացվել է «շատ արագ և պրոֆեսիոնալ»։

Չարագործները ժամանել են մի քանի ավտոմեքենայով և, ենթադրաբար, թանգարան են ներթափանցել պատուհանից։ Կողոպուտից քիչ առաջ ազդանշանային համակարգը գործել էր նաև քաղաքի մարզական կենտրոնում։ Ոստիկանությունը ստուգում է՝ արդյոք դա կարող էր շեղող մանևր լինել։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ թանգարանում մնացել են միայն մի քանի առարկաներ, այդ թվում՝ երեք արծաթե անոթ, ապարանջան և արարողակարգային գավազանի զարդարանքների մի մասը, որը հայտնի է որպես «փոքր արքայի գավազան»։

«Վիլյենայի գանձը» 1963 թվականին հայտնաբերել է հնագետ Խոսե Մարիա Սոլերը։ Հավաքածուն գտնվել է չորացած գետի հունում թաղված անոթի մեջ և ներառում է մոտ մ.թ.ա. 1000 թվականին պատրաստված 66 առարկա։ Դրանց թվում են՝ 29 ապարանջան, 11 գավաթ, երեք շիշ և այլ զարդեր։ Արտեֆակտների մեծ մասը պատրաստված է ոսկուց, սակայն հավաքածուում կան նաև արծաթից, երկաթից և սաթից պատրաստված իրեր։

Գիտնականների առանձնահատուկ հետաքրքրությունն առաջացրել են որոշ երկաթե առարկաներ։ Trabajos de Prehistoria ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք, հավանաբար, պատրաստված են եղել հազվագյուտ մետեորիտային երկաթից։

Գանձի արժեքը հնարավոր չէ հստակ գնահատել, սակայն միայն դրա մեջ եղած ոսկյա իրերը գնահատվում են մոտ 1,7 մլն եվրո։

«Վիլյենայի գանձի» փորձագետ, Ալիկանտեի համալսարանի հնագետ Մաուրո Էռնանդեսը հայտարարել է, որ կողոպուտը ակնհայտորեն մանրակրկիտ ծրագրված է եղել։ Նրա խոսքով՝ հանցագործները նախապես գիտեին, թե ինչպես ներթափանցել թանգարան, կոնկրետ ինչ անել և ինչպես թաքնվել։

Կողոպուտը տեղի է ունեցել եվրոպական թանգարաններում արվեստի գործերի համարձակ գողությունների շարքի ֆոնին։ Շաբաթվա սկզբին Եվրոպոլը հայտնել էր մշակութային արժեքների հափշտակման ժամանակ ավելի ագրեսիվ և ուժային մեթոդների կիրառման միտման մասին։ Եվրոպական ոստիկանական գործակալության տվյալներով՝ որոշ դեպքերում հանցագործները ձևավորում են ժամանակավոր խմբեր՝ հանցակիցներ գտնելով սոցիալական ցանցերի և մեսենջերների միջոցով։

Share.