ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է ներգաղթի վերահսկողությունը ոչ միայն ապօրինի միգրանտների, այլև երկիր օրինական հիմքերով մուտք գործող օտարերկրացիների նկատմամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտը ավելի վերջերս ժամանակավորապես կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը, որպեսզի ողջ աշխարհում կոնսուլական աշխատակիցներին ծանոթացնի այսպես կոչված «պետական բեռի» նոր պահանջների հետ: Դրանք թույլ են տալիս հաշվի առնել, թե որքանով է հավանական, որ ապագա ներգաղթյալը կախվածության մեջ կհայտնվի պետական սոցիալական ծրագրերից:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի փոխանցմամբ՝ կասեցումը սկսվել է օգոստոսի սկզբին և, ըստ կանխատեսումների, կտևի մինչև սեպտեմբերի սկիզբ կամ կեսերը: Սահմանափակումն առաջին հերթին ազդել է այն դիմորդների վրա, որոնց հարցազրույցները նշանակված են եղել օգոստոսին: Հանդիպումները չեն չեղարկվել․ դրանք պարզապես կտեղափոխվեն սեպտեմբեր, հոկտեմբեր կամ նոյեմբեր:
Այս քայլը կարող է ազդել ԱՄՆ-ից դուրս ներգաղթային վիզայի համար դիմող օտարերկրացիների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ամուսիններին, ծնողներին, զավակներին կամ քույրերին ու եղբայրներին միանալ ցանկացողների վրա: Միևնույն ժամանակ, որոշ աշխատանքային վիզաներ դուրս են մնում այս կասեցումից, քանի որ դրանց ստացողները կարող են հաստատել եկամտի առկայությունը և չեն դիտարկվում որպես սոցիալական աջակցության ակնկալողներ:
Զուգահեռաբար, վարչակազմը պատրաստվում է չեղարկել 2016-2026 թվականներին տրամադրված B1/B2 տեսակի շուրջ 200 հազար զբոսաշրջային և բիզնես վիզաները: Խոսքը այն օտարերկրացիների մասին է, որոնք ապաստան են հայցել ԱՄՆ-ում կամ մտադիր են դա անել: Եթե որոշումը չբողոքարկվի կամ չփոխվի, Պետդեպարտամենտը կարող է այդ մասին հայտարարել առաջիկա շաբաթներին: Associated Press-ի տվյալներով՝ սա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր միանվագ չեղարկումը:
Այնուամենայնիվ, վիզաների չեղարկումը չպետք է ազդի արդեն ԱՄՆ-ում գտնվող և ապաստանի դիմումներ ներկայացրած օտարերկրացիների վրա: Երկրում մնալու իրավունքը որոշվում է դիմումների քննության ընթացակարգերով, այլ ոչ զբոսաշրջային վիզաներով:
Փորձագետների կարծիքով՝ նախատեսվող քայլերն արտացոլում են Թրամփի վարչակազմի ընդհանուր ռազմավարությունը, որն ուղղված է ԱՄՆ մուտքի իրավունք ստացողների թվի կրճատմանը:
Վարչակազմը վերականգնել է նաև այն կանոնները, որոնց համաձայն օտարերկրացուն կարող են մերժել կացության քարտի (գրին քարտի) տրամադրումը, եթե իշխանությունները գտնեն, որ նա, ամենայն հավանականությամբ, կախվածության մեջ է հայտնվելու այնպիսի սոցիալական ծրագրերից, ինչպիսիք են սննդի կտրոնները, Medicaid-ը կամ բնակարանային սուբսիդիաները:
Սահմանված նոր միջոցառումները կարող են հանգեցնել դատական քննությունների: Ավելի վերջերս վարչակազմն արդեն իսկ սահմանափակումներ էր մտցրել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցում, սակայն օգոստոսի կեսերին դատարանը չեղարկել է դրանք:
